Լոզանի արբիտրաժային դատարան ենք դիմելու, եթե ՄՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի․ Գիլոյան
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Լոզանի արբիտրաժային դատարան ենք դիմելու, եթե ՄՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի։
Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, հաղորդում է tert.am–ը։
«Մենք բողոքարկել ենք և իրավացիորեն ենք բողոքարկել, 100 տոկոսանոց ճշգրտությամբ մրցավարները, ուզում եմ հուսամ, որ սխալվել են, այլ ոչ թե միտումնավոր են արել։ Ակնհայտ էր, որ ոսկին պետք էր Արթուրը բերեր, և ես հույս ունեմ, որ ճշմարտությունը կվերականգնվի։ Հնարավորություններ կան, մենք ուսումնասիրել ենք, Օլիմպիական խաղերի ժամանակ մի քանի անգամ ոսկին վերադարձրել են կամ 2-րդ ոսկին են տվել։ Մենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկի մեդալը մեզ տան»,-ասել է նա։
Նշենք, որ օգոստոսի 7-ին օլիմպիական խաղերի բազմակի մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց արծաթե մեդալ՝ օլիմպիական ոսկու համար պայքարում 1։4 հաշվով զիջելով 2020 թվականի խաղերի բրոնզե մեդալակիր, իրանցի Մոհամմադհադի Սարավիին։
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ Արթուր Ալեքսանյանը հայտարարել է, որ իրանցի մարզիկը մեղավոր չէ, մրցավարներն են սխալվել։

