ՀՖՖ թիմը կմասնակցի «Ֆուտբոլը` բարեկամության համար» միջազգային համաժողովին

25.04.2016, 20:40
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կմասնակցի Միլանում անցկացվելիք «Ֆուտբոլը` բարեկամության համար» միջազգային համաժողովին:
ՀՖՖ թիմը կմասնակցի «Ֆուտբոլը` բարեկամության համար» միջազգային համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կմասնակցի Միլանում անցկացվելիք «Ֆուտբոլը` բարեկամության համար» միջազգային համաժողովին, երկուշաբթի հայտնեց ծրագրի պատասխանատու, ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը։

Նրա խոսքով, տվյալ ծրագրի հիմնական նպատակը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն ու մասսայականացումն է։

Համբարյանը նշեց, որ համաժողովի մասնակցության համար ընտրվել են Ֆուտբոլի ակադեմիայի 12-14 տարեկան ութ սաներ։ Նրանք կմեկնեն Միլան, որտեղ միջոցառման շրջանակում կկայանա մրցաշար աշխարհի 32 երկրների մանկապատանեկան թիմերի մասնակցությամբ։

«Իսկ մրցաշարից հետո երեխաները կկարողանան ներկա լինել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին»,– ավելացրեց Ղամբարյանը։

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանն իր հերթին ասաց, որ դա շատ լավ նախաձեռնություն է, քանի որ հայ պատանի ֆուտբոլիստները կկարողանան շփվել այլ երկրների` ֆուտբոլային բոլորովին այլ մշակույթ ներկայացնող իրենց հասակակիցների հետ` անփոխարինելի փորձ ստանալով։

«Ֆուտբոլը` բարեկամության համար» միջազգային համաժողովն անցկացվում է 2011 թվականից` Գազպրոմի և ՈՒԵՖԱ–ի աջակցությամբ։ -0-