Էդուարդ Սպերցյանը, հնարավոր է, բաց թողնի Վրաստանի դեմ Հայաստանի հավաքականի հանդիպումները
03.03.2025,
16:03
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս վնասվածքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս վնասվածքի պատճառով, գրում է Sports.ru-ն։
24-ամյա ֆուտբոլիստը ոտքի վնասվածք է ստացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 19-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում (1:1)։ Metaratings.ru-ի հաղորդմամբ՝ նրա մոտ ախտորոշվել է ուժեղ հեմատոմա։ Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարվի այս շաբաթվա ընթացքում։
Ամենայն հավանականությամբ, Սպերցյանը չի միանա Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիպումների ժամանակ, որոնք նախատեսված են մարտի 20-ին և 23-ին Վրաստանի դեմ։
Ֆուտբոլիստը շարք կվերադառնա միայն ազգային հավաքականների հանդիպումների մարտյան դադարի ավարտից հետո։