Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, հաղորդում է armtimes.com–ը։
Ըստ աղբյուրի, Գրիգորյանին նշանակելու որոշումը կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ դեմ գնալով ֆեդերացիայի որոշ անդամների կարծիքներին։
Սղբյուրի տեղեկություններով՝ Գրիգորյանը «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբի սեթականատեր Ջևան Չելոյանցի ու «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի թեկնածուն է: Վանեցյանը նշանակումն արել է նրանց հորդորով, որոշմանը դեմ են եղել ինչպես ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, այնպես էլ ՀՖՖ տեխնիկական տնօրեն, իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսը, իսկ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ քննարկում չի եղել:
Տեղեկություն կա նաև, որ Գրիգորյանն արդեն իսկ զբաղվում է հավաքականի գործերով: Նա այսօր եղել է ֆեդերացիայում և զբաղվել է հավաքականի կազմը որոշելով:
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել հոկտեմբերի 18–ին։ Որպես պատճառ նշվել է այն, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։-0-

