Դերասան Վարդան Պետրոսյանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման

29.01.2015, 17:53
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին մեղավոր է ճանաչել մահվան ելքով ՃՏՊ–ում և դատապարտել նրան հինգ տարվա ազատազրկման։
Դերասան Վարդան Պետրոսյանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին մեղավոր է ճանաչել մահվան ելքով ՃՏՊ–ում և դատապարտել նրան հինգ տարվա ազատազրկման։

Դերասանին զրկել են նաև վարորդական իրավունքից երկու տարով։ Պատիժը կրելու ժամկետի սկիզբը նշանակված է 2013 թվականի նոյեմբերի 6–ը։

2013 թվականի հոկտեմբերի 20–ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Եղվարդ–Երևան ավտոճանապարհին կատարված ՃՏՊ–ի հետևանքով երկու մարդ զոհվել է, վեցը, այդ թվում` ինքը դերասանը, վնասվածքներ են ստացել։ Պետրոսյանը վիրահատվել է և դուրս գրվել հիվանդանոցից նոյեմբերի 3–ին։

ՃՏՊ–ի փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի ՔՕ 242–րդ հոդվածի 3–րդ մասով (երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ երկու և ավելի մարդկանց մահվան պատճառ է դարձել), որը նախատեսում է չորսից տասը տարի ազատազրկում։

Պետական մեղադրող Արթուր Սարգսյանը հունվարի 16–ին պահանջել է դատապարտել Պետրոսյանին 6.5 տարվա ազատազրկման և երեք տարով զրկել վարորդական իրավունքից։

Վարդան Պետրոսյանը հայտնի է դարձել 80–ականների վերջին, երբ դրամատուրգ Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է «Ոզնիներ» թատրոն–ստուդիան։ 

90–ականներին դերասանը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը, մասնավորապես, Ռոբեր Օսեյնի «Մարինյի» թատրոնում։ Պետրոսյանի երգիծական բեմադրություններն արդիական թեմաներով Երևանում անշլագներով էին անցնում։ -0-