Կրեմլը պատրաստ կլինի օգնել Սամվել Կարապետյանին որպես ՌԴ քաղաքացի

20.06.2025, 19:23
Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման  հետ կապված իրավիճակին. Պեսկով
Կրեմլը պատրաստ կլինի օգնել Սամվել Կարապետյանին որպես ՌԴ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված իրավիճակին և պատրաստ կլինի նրան տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը՝ որպես ՌԴ քաղաքացի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք այն ամենն, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացու հետ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը Սամվել Կարապետյանին։

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մասին

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ի գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։   Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։

«Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են», – հայտարարել է Կարապետյանը։  

Դրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է․ «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։

Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։

Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։

Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:  

Դատարանը բավարարել է գործարարին երկու ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը։

Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը։