Պատրաստվում եմ նախագահ Էրդողանին հրավիրել Երևան՝ մյուս տարի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պատրաստվում եմ նախագահ Էրդողանին հրավիրել Երևան՝ մյուս տարի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հանդիպումից առաջ Թուրքիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ։
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է և մեզանից պահանջում է լինել հետևողական, շարունակել ակտիվորեն աշխատել, ակտիվ երկխոսություն վարել, լսել միմյանց և ջանալ առավելագույն մատչելի ձևով ներկայացնել սեփական դիրքորոշումները», – ասել է նա։
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կհանգեցնի արդյունքների։
«Մենք պետք է որոշակի եզրակացություններ անենք մեր նախորդ փորձից, և ոչ միայն այս տրամաբանությամբ։ Մենք չպետք է նաև բարձր ակնկալիքներ ունենանք այս այցից»,- նշել է նա։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին հրավերի համար
«Ես նաև պատրաստվում եմ հրավիրել նրան (Էրդողանին, խմբ) Հայաստան՝ մասնակցելու հաջորդ տարի գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, որը տեղի կունենա հաջորդ գարնանը Երևանում, այդ թվում՝ Թուրքիայի աջակցությամբ։ Հուսով եմ, որ հաջորդ տարի մեր հանդիպումը կկայանա Հայաստանում»,- ավելացրել է նա։