Իրան–Իսրայել լարվածության ֆոնին Բաքվում վայրէջք կատարած օդանավերում հայեր կան. ՌՀՄ–ն դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ–ներին

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի հայերի միության (ՌԱՀ) նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ–ին՝ խնդրելով անել ամեն ինչ՝ ապահովելու համար Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում հայտնված հայերի անվտանգությունը։
«Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով, հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք կատարեց ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում են Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլ քաղաքներից Դուբայ ուղևորվող չվերթերը։ Այդ չվերթերի ուղևորների թվում կան հայկական ծագում ունեցող և հայկական ազգանունով քաղաքացիներ, որոնք մեկնում էին ԱՄԷ», - ասվում է Ռուսոաստանի հայերի միության Telegram–ում հրապարակված հայտարարության մեջ։
Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի կողմից տասնամյակներ շարունակ ադրբեջանական հասարակության մեջ տարածվող հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև 44-օրյա պատերազմից առաջ և հետո Բաքվում հայտնված հայերի ձերբակալության և դաժան վերաբերմունքի հայտնի փաստերը՝ Աբրամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ՝ կանխելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայազգի անձանց՝ ՌԴ քաղաքացիների նկատմամբ հնարավոր անօրինական գործողությունները։
Այս ուղևորների հարազատների խոսքով, որոնք կապ են հաստատել ՌԱՀ–ի հետ, այս պահին հնարավոր չէ կապ հաստատել Դուբայ մեկնող մեր հայրենակիցների հետ։
Ռուսաստանի հայերի միությունը նաև կոչ է անում Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը անել հնարավոր ամեն ինչ՝ Բաքու իրենց կամքին հակառակ վայրէջք կատարած հայերի անվտանգությունն ապահովելու համար։