Գիտությունը նպաստում է ոչ միայն տնտեսության զարգացմանը, այլև երկրի անվտանգության ապահովմանը. ՀՀ վարչապետ

20.04.2016, 13:05
Գիտության ոլորտը հարկավոր է դիտարկել ոչ միայն տնտեսական զարգացման, այլև երկրի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, չորեքշաբթի Գիտությունների ազգային ակադեմիայի ամենամյա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գիտությունը նպաստում է ոչ միայն տնտեսության զարգացմանը, այլև երկրի անվտանգության ապահովմանը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Գիտության ոլորտը հարկավոր է դիտարկել ոչ միայն տնտեսական զարգացման, այլև երկրի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, չորեքշաբթի Գիտությունների ազգային ակադեմիայի ամենամյա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, նիստը հիանալի առիթ է հայ գիտնականների աշխատությունների արդյունքները քննարկելու և ամփոփելու, հետագա քայլերը սահմանելու համար:

«Ժամանակակից պետության հիմքում դրված կրթական, գիտական ոլորտների և բարձր տեխնոլոգիաների զարգացումը երկրի համար կարևոր նշանակություն ունի: Այդ իսկ պատճառով այս ոլորտները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում», - ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով, իշխանությունն ունի հստակ մշակված քաղաքականություն, և հետագա ջանքերն ուղղվելու են գիտության զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը, ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը:

«Բազմաթիվ միջազգային համաձայնագրերի շրջանակում կառավարությունն աջակցում է համաշխարհային գիտական կենտրոնների հետ հայ գիտնականների սերտ համագործակցությանը: Եվրոպական գիտական շրջանակների հետ ինտեգրման խորացմանն ուղղվել է, մասնավորապես, «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը, որը կստորագրվի այս տարվա մայիսին», - ասաց ՀՀ վարչապետը։

Նա նշեց, որ Հայաստանում, որն ունի դարերից եկող գիտական ավանդույթներ, նոր գիտական գաղափարները և մշակումները կարևորագույն ռեսուրսներից են:

«Համոզված եմ, որ ԳԱԱ-ն և մեր ողջ գիտական հանրությունը պետք է կառուցվածքային բարեփոխումների միջոցով աշխատի գիտական համակարգի աշխատանքի առավելագույն օպտիմալացման ուղղությամբ», - ասաց Աբրահամյանը:

«Հորիզոն 2020»-ը ԵՄ ութերորդ շրջանակային ծրագիրն է (ՇԾ8), որը վերաբերում է գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացմանը։ Այն ուղղված է 2014-2020 թթ-ին Եվրոպական հետազոտական տարածքում հետազոտությունների աջակցությանը և խրախուսմանը։ –0–