Վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, հայտարարել է Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները», – ասաց Փաշինյանն այսօր ԱԺ–ում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։
«Այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը», – ասաց վարչապետը։
Հիմնվելով այս իրողությունների վրա՝ Փաշինյանը Հայաստանում և Ադրբեջանում գործող բոլոր ուժերին և անհատներին կոչ է արել լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։
«Դա որևէ հեռանկար չունի։ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», – ասաց Փաշինյանը։