Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ

06.03.2017, 16:48
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի 2rd.am կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ քաղաքական գործընթացների մեջ մտնելու որևէ ցանկություն չունի։

Քոչարյանը նշել է, որ վաղուց էր խոստացել հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէր տեսնում: Նրա խոսքով, անցած օրերի ընթացքում փորձել է պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի, սակայն ներքին դիմադրությունն այնքան մեծ էր, որ չի ցանկացել շարունակել:

«Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին` ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ», - ասել է Քոչարյանը:

Նախկին նախագահը հայտարարել է, որ շարունակում է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատև բացասական հետևանքներով:

Նրա խոսքով, նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային /տարածքային/ քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու Հայաստանի ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները:

«Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու», - ասել է Քոչարյանը:

Ընդ որում, նա նշել է, որ դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները:

«Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին: Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը», - ամփոփել է Քոչարյանը: -0-