Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպել են 1994 թ.-ին իրենց կուսակցության գործունեությունը արգելած, Հայաստանի նախկին նախագահին

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը շաբաթ հանդիպել են Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի լրատվական բաժնից։
Հանդիպման նախաձեռնությամբ հանդես էր եկել Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակին, 2008 թ.-ին սպասվող նախագահական ընտրություններին առնչվող հարցեր՝ երկուստեք կարևորելով ներկա փուլում գաղափարական-քաղաքական բանավեճի անհրաժեշտությունը», - տեղեկացրեցին մամուլի բաժնից։
1994 թ.-ին դեռ այն ժամանակ գործող Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արգելել էր ՀՅԴ-ի գործունեությունը։ Ձերբակալվել էին կուսակցության բազմաթիվ անդամներ, այդ թվում նաև Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, փակվել էին կուսակցական թերթերը։
Կուսակցության գործունեության արգելքը հանվել էր 1998 թ.-ին՝ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։-0-