ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կապացուցի, որ շարքային ընդդիմադիր չէ. ՀՀՇ ղեկավար

26.09.2007, 17:26
ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կապացուցի, որ  շարքային ընդդիմադիր չէ. ՀՀՇ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կապացուցի, որ ինքը շարքային ընդդիմադիր գործիչ չէ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀՇ կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցի քաղաքական պայքարին, ապա կդառնա շարքային ընդդիմադիր գործիչ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

«Հայաստանի պատմության մեջ շատ չեն եղել այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսին Լևոն Տեր-Պետորսյանն է. խորհուրդ չեմ տալիս նրան վերաբերվել որպես շարքայինի։ Բայց ես համոզված եմ, որ ներկայիս իշխանությունները նրան այդպես չեն վերաբերվում»,- ասաց նա։

Զուրաբյանի կարծիքով, հենց միայն գործող նախագահի այս արտահայտությունը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին վկայում է, որ նա շարքային ընդդիմադիր չէ, քանի որ «Քոչարյանն այդպես հապշտապ սկսում է խոսել ոչ բոլոր ընդդիմադիր գործիչների վերաբերյալ»։ «Պատիվ է ընդդիմադիր լինել այսպիսի հեղինակային համակարգում, ինչպիսին մերն է»,- ասաց նա։

2008թ. Հայաստանում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվան նվիրված ՀՀՇ կազմակերպած ընդունելության ժամանակ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն  առաջին անգամ խախտեց 10-ամյա լռությունը՝ հայտարարելով, որ «ուսումնասիրում է նախագահական ընտրություններում իր մասնակցության հնարավորությունը»։

ՀՀՇ-ն ՝ Հայաստանի նախկին իշխող կուսակցությունը ստեղծվել է 1988 թ.-ի օգոստոսի 19-ին, 2007 թ.-ի փետրվար ամսվա տվյալներով՝ կուսակցությունում գրանցված է 7 հազ. անդամ։

1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։--0--