Հարաբերությունների տրանսֆորմացիա, սահմանափակումներ և ընտրություն ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև․ Փաշինյանը՝ Մոսկվայում Պուտինի հետ սպասվող քննարկումների մասին

30.11.2026, 00:19
Բանակցությունների օրակարգը չի սահմանափակվում խնդրահարույց հարցերով և ներառում է մի շարք կառուցողական թեմաներ
Հարաբերությունների տրանսֆորմացիա, սահմանափակումներ և ընտրություն ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև․ Փաշինյանը՝ Մոսկվայում Պուտինի հետ սպասվող քննարկումների մասին

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանը մտադիր է Մոսկվայի հետ քննարկել հայ-ռուսական հարաբերությունների տրանսֆորմացիան նոր պայմաններում, բարձրացնել Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցը և ներկայացնել համագործակցության խորացման վերաբերյալ առաջարկներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Դեկտեմբերի 3-ին նախատեսված է Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում տեղի կունենա հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մենք մեր հարաբերությունների տրանսֆորմացիայի հարցն ենք դնելու նոր պայմաններում՝ ավելի առարկայական, այդ թվում՝ մեր նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցը», - ասել է Փաշինյանը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ բանակցությունների օրակարգը չի սահմանափակվում խնդրահարույց հարցերով և ներառում է մի շարք կառուցողական թեմաներ։

«Մասնավորապես, մենք պատրաստվում ենք, այդ թվում՝ տնտեսական, մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու վերաբերյալ առաջարկներ անել Ռուսաստանի Դաշնությանը»,- նշել է վարչապետը։

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեի մասին

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը։

Փաշինյանը հայտարարել է, որ որոշակի պահի Հայաստանում այս հարցով հանրաքվե կկայանա։ Նա հիշեցրել է, որ ինչպես գործող Սահմանադրությունը, այնպես էլ նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում են վերպետական կառույցներին անդամագրվելու հարցի լուծումը հանրաքվեի միջոցով։

«Մեր քաղաքական խնդիրը հետևյալն է եղել և շարունակում է մնալ, և մենք գնում ենք այդ ճանապարհով՝ մեր ժողովրդի համար ստեղծել այլընտրանք և ստեղծել հնարավորություն, որ ժողովուրդը որոշի, ինքը ինչ է ուզում»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ նման այլընտրանքի ձևավորման գործընթացը զարգանում է բավականին արագ, և երբ իշխանությունները այն բավարար չափով ձևավորված համարեն, քաղաքացիներին կընձեռվի որոշում կայացնելու հնարավորություն։

«Մենք չենք շարժվում դեպի Արևմուտք»

Փաշինյանը հերքել է Հայաստանի՝ դեպի Արևմուտք շարժվելու թեզը՝ միաժամանակ հաստատելով երկրի՝ Եվրամիության անդամ դառնալու ձգտումը։

«Այո՛, ուզում ենք Եվրամիության անդամ դառնալ։ Կարող է Եվրամիությունն է գալիս, ոչ թե մենք ենք գնում։ Մենք ոչ մի տեղ չենք գնում»,- հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը։