Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ սահմանադրական հանրաքվեից հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ առաջադրի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այո, դա բացառում եմ։ Բայց հաջորդ հարցը դուք պիտի տաք, թե ոնց եք բացառում։ Ես դրա համար ասում եմ՝ հասկանալով հարցի կարևորությունը և ռազմավարական նշանակությունը՝ ես արդեն ուղիղ ասել եմ՝ այս հարցի մեջ դնում եմ իմ քաղաքական, մարդկային, բարոյական ողջ կապիտալը, և ես դրա պատասխանատվությունը ստանձնում եմ», – ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում է ձևավորվել, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից կամ նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։
Նա նշել է, որ այս թեմայով քննարկումներ են եղել նաև Ադրբեջանի հետ։
«Ադրբեջանը նույնպես պաշտոնապես, ըստ էության, արտաքին գործերի նախարարի մակարդակով նման հայտարարություն արել է», – ասել է Փաշինյանը։
Միաժամանակ վարչապետն ընդունել է, որ մարդկության պատմությանը հայտնի են դեպքեր, երբ նույնիսկ ստորագրված պայմանագրերը կամ ձեռք բերված համաձայնությունները չեն կատարվել։
«Հետևաբար մենք պետք է մեզ նայենք, մեր ռազմավարություններին նայենք՝ մենք ինչ ենք ուզում, որն է մեր ռազմավարությունը, որն է մեր նպատակը, և հետևողականորեն գնանք այդ ճանապարհով», – նշել է նա։
Որպես օրինակ Փաշինյանը հիշատակել է 2024 թվականի սահմանազատման գործընթացը, երբ ընդդիմությունը պնդում էր, որ Ադրբեջանը չի վավերացնի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, սակայն ադրբեջանական կողմն այն վավերացրեց։
Ներքին և արտաքին երաշխիքների մասին
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում երաշխիքների թեման լայնորեն քննարկվում է, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ երաշխիքների զգալի մասը ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթ ունի։
«Իրականում երաշխիքների մի շատ զգալի մասը ոչ թե արտաքին է, այլ ներքին է, որովհետև այդ թվում արտաքին երաշխիքների մասը էականորեն ներքին գործոնների հետ է կապված և կապված է, թե դու ոնց ես դիրքավորում և ոնց ես դիրքավորվում», – նշել է նա։
Իր տեսակետը պարզաբանելու համար վարչապետը բերել է շենքի տանիքից կախված սառույցի օրինակը՝ ընդգծելով, որ դրա ընկնելու հետևանքով չտուժելու միակ երաշխիքը դրա տակ չկանգնելն է։
«Եթե դա քաղաքական լեզվով թարգմանենք, մենք պետք է մեր երկիրը ճիշտ դիրքավորենք և մենք ընդհանրապես ճիշտ դիրքավորվենք և սառույցի տակ կանգնած չլինենք։ Դա է միակ երաշխիքը», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ առնվազն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը Հայաստանը իներցիայով շարունակել է նախկին քաղաքականությունը՝ փորձելով արտաքին երաշխիքների միջոցով խուսափել վտանգներից։
«Խոսել ենք, երաշխիքներ ենք ունեցել, նույնիսկ երաշխավորված պայմանագրեր ենք ունեցել և այլն։ 2022-ի սեպտեմբեր-հոկտեմբերին հասկացել ենք, որ մենք ուղղակի սառույցի տակ պիտի չկանգնենք, որովհետև սառույցը մեկ է՝ մի օր ընկնելու է», – ասել է Փաշինյանը։

