Վլադիմիր Արզումանյանը «Մանկական Եվրատեսիլում» նվաճած հաղթանակը նվիրել է աշխարհասփյուռ հայությանը
«Մանկական Եվրատեսիլ 2010» երգի միջազգային մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանը հայտարարել է, որ նվիրում է իր հաղթանակը աշխարհասփյուռ հայությանը:
Ծնունդով ղարաբաղցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով հաղթանակ բերեց Հայաստանին «Մանկական Եվրատեսիլ 2010» մրցույթում, որն անցկացվեց նախորդ շաբաթ օրը Մինսկում:
«Ես այս հաղթանակը նվիրում են Ղարաբաղի, Հայաստանի, սփյուռքի բոլոր հայերին, բոլոր-բոլոր հայերին և բանակում գտնվող տղաներին», - երկուշաբթի Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է պատանի երգիչը:
Նա պատմել է, որ այնպես է անհանգստացել իր ելույթից առաջ, որ «երեք շիշ ջուր է խմել»:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ նա նշել է, որ մտադիր է մասնակցել նոր մրցույթների, մասնավորապես՝ մտադիր է այս տարի Հայաստանը ներկայացնել «Եվրոպայի լավագույն երգիչ» մրցույթում:
«Մանկական Եվրատեսիլ» VIII միջազգային մրցույթին մասնակցել են 14 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Բելգիան, Մակեդոնիան, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան և Ուկրաինան ներկայացնող տաղանդներ:
Լարված քվեարկության արդյունքում Արզումանյանը 120 միավորով հաղթեց՝ Կրասնոյարսկի «Կախարդական միկրոֆոն» դուետին գերազանցելով ընդամենը մեկ միավորով։ Երրորդ տեղը զբաղեցրեց Սերբիան։
Հայաստանը մասնակցում է Մանկական Եվրատեսիլին՝ սկսած 2007 թվականից։ Նախորդ տարի Լուարա Հայրապետյանը կիսեց երկրորդ տեղը Ռուսաստանի ներկայացուցչի հետ։ -0-

