Հայաստանում մի քանի օտարալեզու դպրոցի բացումը չի կարող կասկածի տակ դնել հայկական էթնոսի գույությունը, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Հայաստանում ռուսաց լեզվի ապագան» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց ճարտարապետ Լևոն Իգիթյանը։
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների՝ դպրոցներում օտարալեզու ուսուցման ներմուծում ենթադրող փոփոխությունների և լրացումների կատարման մասին օրինագիծը։
«Հայաստանը պետք է «աշխարհի հանդեպ բաց դռներով» ապրի։ Ես չեմ կարծում, որ մի քանի օտարալեզու դպրոցներ կարող են կասկածի տակ դնել հայկական էթնոսի գոյությունը։ Այն այնքան փխրուն չէ, որքան թվում է»,- ասաց Իգիթյանը։
Նա նշեց, որ հայ ժողովուրդը դժվար պատմություն է ապրել, որը ստիպում է հայերին ապրել, այդ թվում նաև աշխարհի այլ երկրներում։
Ինչպես կարծում է ճարտարապետը, օտարալեզու ուսուցմամբ դպրոցների բացման դեմ զանգվածային բողոքի ակցիաների փոխարեն հիմնական շեշտը պետք է դնել գործող պետական հանրակրթական համակարգի ամրապնդման վրա։
Ըստ նրա՝ ազգային հանրակրթական համակարգը պետք է այնպիսի էլիտար մակարդակում գտնվի, որ կարողանա մրցել ցանկացած օտարալեզու դպրոցի հետ։
«Հայաստանում շատ տաղանդավոր երեխաներ կան, ինչի հետ կապված՝ կրթական համակարգի հիմնական կարգախոսը պետք է դառնա «Բոլոր հայ երեխաները պետք է լավ սովորեն», իսկ դրա համար համապատասխան հանրային կլիմա է անհրաժեշտ, որը մենք պետք է վերականգնենք»,- ասաց Իգիթյանը։
Նա նաև նշեց, որ հենց ինքը ժամանակին ռուսական կրթություն է ստացել, սակայն ոչ մեկի թույլ չի տա կասկածել իր ազգի հանդեպ հայրենասիրության և նվիրվածության մեջ։
Նոր փոփոխություններով նախատեսվում է երկրում օտարալեզու ուսուցմամբ 11 դպրոց ստեղծելմ, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու դպրոց կլինի մասնավոր, դրանք կգործեն Ջերմուկում և Դիլիջանում: --0--