Հարավկովկասյան տարածաշրջանում իրավապաշտպանների աշխատանքը բարդանում է առկա օրենսդրությամբ. ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ
Հարավկովկասյան տարածաշրջանում իրավապաշտպանների աշխատանքը խոչընդոտվում և բարդացվում է առկա օրենսդրությամբ, հայտնեց Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչը։
«Մենք լրջորեն մտահոգված ենք այս տարածաշրջանում իրավապաշտպանների վիճակով, քանի որ տարածաշրջանի երկրների օրենսդրություններն ամեն կերպ բարդացնում են նրանց աշխատանքը՝ ծանրացնելով բյուրոկրատական բեռը», - Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսի (FIDH) բացման ժամանակ ասաց Լենարչիչը։
ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ տնօրենը նշեց, որ մշտական ձերբակալություններն ու հարձակումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում իրավապաշտպանների աշխատանքի համար։
«Ժամանակն է վերջ տալ այդ երևույթներին։ Ժամանակն է, որ պետությունները բացեն աչքերը մարդու իրավունքների պաշտպանությանը, կանխեն հետագա ոտնձգությունները։ Դատական համակարգի բարեփոխումներն այդ ճանապարհի կարևոր քայլերն են»,- ավելացրեց Լենարչիչը։ Համաժողովը, որը կազմակերպվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի հայկական անդամ-կազմակերպություն) հետ համատեղ, FIDH-ի 37-րդ կոնգրեսի շրջանակներում հնարավորություն կտա տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում քննարկել և իրավական պաշտպանության միջոցներ մշակել իրավախախտումների զոհերի, արդարության, ճշմարտության և վերականգնման համար պայքարող անձանց համար: Համաժողովին մասնակցում են ողջ աշխարհից ժամանած ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք նաև կիրականացնեն փորձի փոխանակում միջազգային հանցագործությունները կանխարգելող հարցերի շուրջ:-0-