Զատկի ձվերը պետք է միայն կարմիր ներկել. Հայ Եկեղեցի

02.04.2010, 15:31
Զատկի ձվերը պետք է միայն կարմիր ներկել. Հայ Եկեղեցի

Զատկի ձվերը պետք է միայն կարմիր ներկել, այլապես կորչում է Զատկի խորհուրդը, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ, քահանա Շմավոն Ղևոնդյանը:

«Կարմիր գույնի մեջ դավանաբանական իմաստ կա: Այն խորհրդանշում է արյուն, որը Քրիստոսը թափեց ողջ աշխարհի համար»,- նշել է նա՝ ավելացնելով, որ Զատկի ձվերը կարմիր ներկելով՝ մենք ընդգծում ենք, որ Քրիստոսը նաև հանուն մեզ է արյուն թափել:

Քահանան նաև նշել է, որ սխալ է նաև ժողովրդի մեջ տարածված այն ավանդույթը, որ Զատկի ձվերը չի կարելի ներկել այն տանը, որտեղ մարդ է մահացել:

Գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցին իր հերթին ավելացրեց, որ ձվերն այլ գույն ներկելու սովորույթը Իրանից է եկել, որտեղ ձվերի խայտաբղետությունը Նոր տարին և գարնան սկիզբն է խորհրդանշում: -0-