Երևանում կհանդիպեն հայ և թուրք լրագրողները

17.12.2009, 10:03
Երևանում կհանդիպեն հայ և թուրք լրագրողները

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (GPOT, Թուրքիա) հետ համատեղ կազմակերպում է հայ և թուրք լրագրողների հանդիպում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հիմնադրամից, հանդիպումը կկայանա դեկտեմբերի 17-20-ը:  Այն ֆինանսավորվում է Նորվեգիայի կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Հանդիպմանը կմասնակցեն մի շարք հայտնի լրագրողներ Թուրքիայի ու Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից:

Հանդիպումը մասն է Հայաստանի ու Թուրքիայի մամուլի անաչառության բարձրացմանն ուղղված ԵՀՀ նախագծի, որի նպատակն է Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների միջև հաստատել կապեր ու ամրապնդել փոխադարձ ըմբռնումը` երկու երկրներում երկկողմանի հարաբերությունների լուսաբանման հարցում լրատվության որակի ու ճշգրտության բարելավման միջոցով:

Նախագծի շրջանակներում հայ և թուրք լրագրողներն ու խմբագիրներն առաջին անգամ հանդիպեցին ս.թ. հոկտեմբերի 13-14-ը Բուրսայում: Նրանք քննարկեցին նույն նախագծի շրջանակներում իրականացված համատեղ հետազոտության արդյունքները: Հայ և թուրք լրագրողները վերլուծեցին հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը, նորմալացման գործընթացը, ինչպես նաև այն ուղիները որոնցով ԶԼՄ-ները կարող են դրականորեն ազդել այս գործընթացի վրա:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-