ՀՀ վարչապետը հարգեց հայտնի պետական գործիչ Վազգեն Սարգսյանի հիշատակը

05.03.2009, 14:54
ՀՀ վարչապետը հարգեց  հայտնի պետական գործիչ Վազգեն Սարգսյանի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկրի կառավարության նիստում հինգշաբթի հարգեց  հայտնի պետական գործիչ Վազգեն Սարգսյանի հիշատակը։

«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է՝ նա կդառնար 50 տարեկան։ Նա ազգային հերոս է, պետական և քաղաքական գործիչ, վառ անձնավորություն։ Անգնահատելի է նրա անձնական ավանդը մեր պետության և բանակի կառուցման գործում։ Սարգսյանը համարձակ և խիզախ մարդ էր, երբեք չէր թաքնվում իր ընկերների մեջքի հետևում և մեր ժողովրդի պատմության ամենադժվար ժամանակահատվածում միշտ իր ուսերի վրա էր վերցնում խնդիրների բեռը և հաջողությամբ լուծում դրանք»,- ասաց նա։

Վարչապետն ընդգծեց, որ ասյօր ժամանակն է խորհելու, իսկապե՞ս հայ հասարակությունը դասեր է քաղել Սարգսյանի և նրա հետ զոհված քաղաքական գործիչների սպանություններից` հասկանալով, որ անհանդուրժողականությունը, ատելությունը և չարությունը նոր հիմք են ստեղծում նոր սպանությունների համար։ Կառավարության նախագահի խոսքերով, անհրաժեշտ է հասկանալ, արդյո՞ք, հասարակությունն իրեն պատասխանատու է զգում Հայաստանում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման համար։

«Անձամբ ես գիտակցում եմ, որ առաջին հերթին կառավարությունն ու իշխանություններն են պատասխանատու Հայաստանում համագործակցության և խաղաղության մթնոլորտի ստեղծման համար այն պարզ պատճառով, որ մենք լուրջ պետական լծակներ ունենք այդ մթնոլորտի ձևավորման համար։ Անշուշտ, պետք է քննադատություն, պետք է խոսքի ազատություն, որպեսզի կառավարությունը դրսից կարողանա տեսնել սեփական սխալներն ու բացերը»,- ասաց վարչապետը։

Միաժամանակ Սարգսյանը հայտարարեց, որ երբ այդ քննադատությունն անցնում է բոլոր սահմանները, և, բացելով թերթերը, կարելի է տեսնել ոչ թե քննադատություն, այլ «ստոր, ստով լցված մեղադրանքներ» և ծայրահեղական գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ և նպատակ են հետապնդում միայն վիրավորել մարդուն, կարելի է հասկանալ, որ անելու շատ բան կա։

«Այդ չարությունը, անհանդուրժողականությունը նոր փամփուշտներ է լցոնում, և կարող են նոր սպանություններ լինել, եթե մենք ինքներս արմատախես չփոխենք այս մթնոլորտը։ Ես ինքս հինգ տարի արմատական ընդդիմության ներկայացուցիչ եմ եղել և իքնս ինձ շատ բաներում մեղավոր եմ զգում և հայցում եմ մեր ընդդիմախոսների ներողամտությունը մեր սխալների և իմ անձնական սխալների համար»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետն ընդգծեց, որ անհրաժեշտ է հանդուրժող լինել և չայրել համագործակցության կամուրջները։ Նա ուշադրություն դարձրեց, որ հայ ժողովրդի պատմության դասերն այնպիսին են, որ հայ հասարակությունը հաջողության է հասնում միայն ներսում համագործակցություն հաստատելով։

«Դուք բոլորդ գիտեք, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակը պատշաճ նշելու համար ձևավորվել է վարչապետի գլխավորությամբ հատուկ հանձնաժողով, և նրա անունից ես այսօր բոլորին հրավիրում եմ Վազգեն Սարգսյանի հիշտակի երեկոյին»,- տեղեկացրեց վարչապետը։
 
Հայաստանի պետական և ռազմական գործիչ Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5-ին։1990-1992 թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1992թ-1993 թթ.` նշանակվել է ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:

1993-1995 թթ. զբաղեցրել է պետնախարարի պաշտոն: 1995-1999 թթ. կրկին եղել է ՀՀ պաշտպանության նախարար, 1999 թ. հունիսից մինչև հոկտեմբեր ՀՀ վարչապետն էր։ Զոհվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։

1999 թ.-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչման (հետմահու): 1998թ. արժանացել է «Արցախի հերոսի» կոչման` պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով: Ժողովուրդը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը: -0-