Հայկական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թուրքիայում

29.01.2009, 18:46
Հայկական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայկական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Չեխական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը, որով վերադառնում էին Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն ու լրագրողները, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հարկադիր վայրէջք է կատարել թուրքական Տրապիզոն քաղաքի օդանավակայանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Հայաստան. Միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։

«Այժմ ինքնաթիռը գտնվում է Տրապիզոնում, այն պետք է Երևան ժամաներ հինգշաբթի տեղական ժամանակով 04։20-ին, սակայն «Չեխական ավիաուղիներ» ավիաընկերության տվյալներով, Տրապիզոն ժամանելուց հետո հայտարարվել է, որ թռիչքը հետաձգվել է»,- ասաց նա։

Աբրահամյանը նշեց, որ Պրահայից թռչող ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը առավոտյան մառախուղն էր Երևանում։

«Արդեն մի քանի օր անընդմեջ առավոտյան ժամերին մառախուղ է նկատվում, որը ցրվում է օրվա երկրորդ կեսին, սակայն այսօր առավոտյան այն հատկապես խիտ էր»,- պարզաբանեց նա։

Ընդ որում մամուլի քարտուղարը, հղում կատարելով ավիաընկերությանը, ասաց, որ հայկական պատվիրակությանը փոխադրող ինքնաթիռի ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան սպասվում է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը։  

«Այժմ օդանավակայանն աշխատում է նորմալ և ինքնաթիռներ է ընդունում»,- ավելացրեց Աբրահամյանը։ Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Չեխական ավիաուղիներ» ավիաընկերությունից, ինքնաթիռի թռիչքը Տրապիզոնից նշանակված է հունվարի 30-ին տեղական ժամանակով 01։00-ին։ -0-