Եվրոպան չցանկացավ իրենից վանել Հայաստանը. քաղաքագետ

29.01.2009, 14:54
Եվրոպան չցանկացավ իրենից վանել Հայաստանը. քաղաքագետ

Եվրոպան ներկա իրավիճակում չկամեցավ իրենից վանել Հայաստանը՝ ԵԽ անդամներից մեկը, կարծում է Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման  ինստիտուտի ծրագրերի համակարգող, փորձագետ-քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը։

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի 27-ի լիագումար նիստի ժամանակ որոշել է չզրկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ բանաձևից հանվել է «քաղբանտարկյալներ» արտահայտությունը։

«Եվրոպայի Խորհուրդը հասկացավ, որ եթե կամենում  է որևէ քաղաքական դեր խաղալ, ապա պետք է ոչ թե կորցնի իր դաշնակիցներին, այլ ավելացնի նրանց թիվը»,- ասաց Խաթլամաջյանը «Նովստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Միաժամանակ նա նշեց, որ վերջին ժամանակներս տպավորություն է ստեղծվում, որ ԵԽԽՎ համազեկուցողներն ականջալուր են ընդդիմության կարծիքին։

«Եվ հենց այն, որ ընդդիմությունն ազատ կարողանում էր ներկայացնել իր կարծիքը, ապացուցում է, որ քաղաքական ուժերը մեր հանրապետությունում գործում են բացարձակ ազատությանը բավականին մոտեցված պայմաններում։ Եթե իշխանությունները չկամենային, որ համազեկուցողները ստանան ցանկացած տեղեկատվություն, որն իշխանությունների օգտին չէ, նրանք կկարողանային դրան դիմակայել»,- ասաց նա։

Այս առիթով քաղաքագետը նշեց, որ ունենալով բավական հնարավորություններ և ԵԽ-ի վրա ազդեցության լծակներ, ընդդիմությունը դա բավականին անբարեխղճորեն արեց, իսկ իշխանություններն, իրենց կողմից, «ոչ բավարար պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացրեցին դեպքերի այս կամ այն զարգացումների մասին վկայող փաստերը»։

Խաթլամաջյանն ավելացրեց նաև, որ դեռևս քվեարկությունից առաջ մեծ հավանականությամբ կարելի էր ասել, որ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի Հայաստանին չզրկեին ձայնից։

«Նրանք անում էին դա փոքր-ինչ դանդաղ, և դրա տրամաբանությունը շատերի համար հարցականի տակ է մնում, սակայն ցանկացած իշխանություն քայլեր է անում այն ռիթմով, որի տրամաբանությունը ելնում է ներքին քաղաքական զարգացումից, և դրսից այդ տրամաբանությունը հարկադրելը ամենաճիշտ տարբերակը չէ  ցանկացած պետության համար»,- հավելեց նա։ -0-