Բուդապեշտում անցկացվել է Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի հունգարերեն թարգմանության շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բուդապեշտում՝ Իտալական մշակույթի կենտրոնում, անցկացվել է Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի հունգարերեն թարգմանության շնորհանդեսը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
Շնորհանդեսի ընթացքում Հունգարիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը գոհունակություն է հայտնել գրքի հուգարերեն թարգմանվելու կապակցությամբ և նշել, որ այն հունգար ընթերցողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ Հայոց ցեղասպանության դրվագներից մեկին:
Շնորհանդեսին, որին ներկա են եղել հունգարացի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, ուսանողներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, իր ստեղծագործությունը ներկայացրեց ինքը՝ Անտոնիա Արսլանը:
«Արտույտների ագարակը» վեպը լույս է տեսել 2004 թվականին և լայն ճանաչում ձեռք բերել։ Գիրքն արժանացել է բազմաթիվ մրցանակների, մասնավորապես Fenice-Europa, Stresa, Berto, Fregense, Giacomo Casanova, Citta di Bari, Campiello secondo noi։
Վեպում ներկայացված է Արևմտյան Հայաստանում (ժամանակակից Թուրքիայի տարածքը) ապրող հայ ընտանիքի պատմությունը, որը կոտորածի զոհ է դարձել։ Գիրքն արդեն թարգմանված է հայերեն, և ենթադրվում է, որ շուտով կթարգմանվի նաև թուրքերեն։
«Արտույտների ագարակը» գրքի հիման վրա իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրները համանուն ֆիլմն են նկարել։ --0--