ՀՀ վարչապետը պատրաստ է դիտարկել տեղեկատվական դաշտի զարգացման մասին ԶԼՄ-ների առաջարկը

16.10.2008, 19:43
ՀՀ վարչապետը պատրաստ է դիտարկել տեղեկատվական դաշտի զարգացման մասին ԶԼՄ-ների առաջարկը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի առաջարկեց լրագրողներին երկրի տեղեկատվական դաշտի զարգացման մասին սեփական նախաձեռնությունները ներկայացնել։

«Մենք պատրաստ ենք ձեզ հետ կառուցողական համագործակցության և սպասում ենք ձեր նախաձեռնություններին, քանի որ մեր կողմից ցանկացած նախաձեռնություն շատ սուր է ընդունվում, մեր հասցեին մեղադրանքներ են առաջ քաշվում այն առումով, որ մեր դրդապատճառները տարբերվում են նրանցից, որ մենք հնչեցնում ենք։ Այդ իսկ պատճառով ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելու մտադրության կասկածներից զերծ մնալու համար մենք ուշադիր կհետևենք ձեր նախաձեռնություններին»,- ասաց նա։

Ընդ որում Սարգսյանը նշեց, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկումներ է ունեցել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տեղեկատվական դաշտը, որ ուղղությամբ պետք է գնա զարգացումը, ինչպիսի խնդիրներ են կուտակվել այդ դաշտում և ինչպես պետք է դրանք լուծել։

«Շատերը փորձում են այս համատեքստում սովորեցնել վարչապետին, ինչի համար ես շնորհակալ եմ և խոստանում եմ, որ կշարունակեմ սովորել։ Ես մեծ հետաքրքրությամբ ծանոթանում եմ բոլոր քննադատական հոդվածների հետ, որոնց մի մասը բավականին ուսուցողական են ինձ համար»,- ասաց նա։    

Դիմելով լրագրողներին՝ վարչապետը նրանց ևս առաջարկեց շարունակել սովորել  և «չմտածել, որ բոլոր դասերն արդեն սովորել են»։ --0--