Հայկական գրքերը կներկայացվեն Ֆրանկֆուրտի Գրքի միջազգային ցուցահանդեսին

Ավելի քան 300 անուն գիրք կներկայացվի Ֆրանկֆուրտում անցկացվող Գրքի 60-րդ միջազգային ցուցահանդեսին, որը կանցկացվի հոկտեմբերի 15-19-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչության գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը։
«Այս տարի մեր գրքերը կներկայացվեն 20 քառակուսի մետրանոց ցուցահարթակում։ Նախորդ տարիներին այն ընդամենը 8 քառակուսի մետր էր»,- ասաց Միլիտոնյանը։
Այսպես, հայկական տաղավարում կներկայացվեն մասնավորապես պետպատվերի շրջանակներում հրատարակված, ինչպես նաև մասնավոր «Անտարես», «Զանգակ», «Տրգրան Մեծ» հրատարակությունների հրատարակած գրքերը։
Միլիտոնյանի խոսքերով, ցուցահանդեսի այցելուները հայկական տաղավարում կգտնեն ոչ միայն գեղարվեստական, հանրամատչելի և մանկական գրքեր, այլ նաև թարգմանչական գրականություն, ինչպես նաև տնտեսագիտության, քաղաքագիտության, փիլիսոփայության դասագրքեր։
Հատուկ ուշադրություն կդարձվի ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի գրական գործունեությանը ծանոթացնող հրատարակություններին, առավել ևս, որ այս տարի Հայաստանում և գրողի հայրենիք Ֆրեզնոյում նշվում է նրա 100-ամյակը։
Միլիտոնյանը հատկապես առանձնացրեց Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերը։
Յուրաքանչյուր տարի գրքի ցուցահանդեսին մասնակցում են հրատարակիչներ աշխարհի 120 երկրներից, իսկ այցելուների թիվը հասնում է ավելի քան 400 հազարի։
Նշենք, որ Ֆրանկֆուրտում անցկացվող գրքի միջազգային տոնավաճառին Հայաստանը մասնակցում է 16-րդ անգամ։ -0-