Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնում են Ղարաբաղի բանակցային գործընթացին. ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող միջադեպերը վտանգի տակ են դնում Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Խիստ դատապարտելի են քաղաքացիական բնակչության դեմ ոտնձգությունները, անմեղ մարդկանց սպանությունները և ընդհանրապես, իրավիճակի սրմանն ուղղված ադրբեջանական կողմի քայլերը, որոնք վերջերս հաճախակի են դառնում. մարտի սկզբին ԼՂ Մարտակերտի շրջանի միջադեպը, ս.թ. ապրիլից Հայաստանի չորս քաղաքացիներին վերադարձնելուց հրաժարվելը, Տավուշի մարզում հայ զինվորականի սպանությունը և հունիսի 18-ին Չինարի գյուղի երկու բնակիչների սպանությունը: Այս քայլերը վտանգի տակ են դնում բանակցային գործընթացը»,- հայ-ադրբեջանական սահմանային գոտու Չինարի գյուղի երկու բնակիչների զոհվելու կապակցությամբ ասված Նալբանդյանի խոսքերը «Նովոստի-Արմենիային» մեջբերեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հունիսի 18-ին Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի մարզի Չինարի գյուղի երկու բնակիչներ զոհվել են՝ ադրբեջանական կողմից դիտավորյալ արձակված կրակահերթի հետևանքով։ Գյուղի ևս մեկ բնակիչ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախարար Նալբանդյանն իր խորին ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ նշելով, որ հնարավոր է՝ Ադրբեջանը նման միջադեպեր է նախաձեռնում բանակցությունների շարունակմանը խոչընդոտելու նպատակով։
«Դրա վկայությունն է նաև Ադրբեջանի մի շարք հասարակական կազմակերպությունների հնչեցրած պահանջը` դադարեցնելու բանակցային գործընթացը: Հայտնի է, թե այդ կազմակերպությունների գործունեությունը որտեղից է ուղղորդվում: Ամեն դեպքում, այդ քայլերը մտահոգիչ են և դատապարտելի»,-ասաց նա:
--0—

