Երևանի «Ասրյան հուշամրցաշար» շախմատի մրցաշարը կդառնա ավանդական. ՀՀ նախագահ

16.06.2008, 12:04
Երևանի «Ասրյան հուշամրցաշար» շախմատի մրցաշարը կդառնա ավանդական. ՀՀ նախագահ
Երևանի «Ասրյան հուշամրցաշար» շախմատի մրցաշարը կդառնա ավանդական. ՀՀ նախագահ

Երևանում անցկացվող շախմատի մրցաշարը կդառնա ավանդական և կկրի «Ասրյան հուշամրցաշար» անվանումը, երկուշաբթի մրցաշարի փակման ժամանակ ասաց ՀՀ  նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հունիսի 8-ին բացված «Շախմատի հսկաներ. Երևան 2008» մրցաշարը վերանվանվել է «Ասրյան հուշամրցաշար» («Asryan Memorial»)՝ մրցումների բացման հաջորդ օրը անժամանակ մահացած Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի պատվին։

«Մրցաշարը դեռևս չսկսված՝ մենք կորցրեցինք Կարեն Ասրյանին։ Մեզանից շատերը նրան անձամբ ճանաչում էին, գնահատում էին՝ ոչ միայն որպես տաղանդավոր շախմատիստի, այլև հատուկ առաքելություն ունեցող մարդու։ Կարծում եմ, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի բարձր պահենք նրա հիշատակը, որպեսզի հայկական շախմատի թիմը, հավերժացնելով Ասրյանի հիշատակը, չթուլացնի իր մարզական ձեքբերումները, կարողանա նույն կերպ ուժեղ հանդես գալ և բարձր պահել երկրի պատիվը», - ասել է նա։

Սարգսյանն ասել է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան պետք է անի ամեն ինչ, որպեսզի շախմատն ավելի լայն տարածում ստանա երկրում։

«Շախմատը ոչ միայն սոսկ մարզաձև է, այն դարձնում է մարդուն իմաստուն, օգնում է ճիշտ գնահատել իրավիճակը և գտնել ամենակարճ ճանապարհը՝ հաղթանակի հասնելու համար։ Այդ պատճառով մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այս խաղը հասանելի լինի բոլոր երեխաների համար», - ասել է նա։

Սարգսյանը շնորհավորել է  մրցաշարի բոլոր մասնակիցներին և հաղթող Լևոն Արոնյանին։ «Ես շատ ուրախ եմ և ոգեշնչված, որ Լևոն Արոնյանը կարողացավ շատ լավ խաղ ցուցադրել և հաղթել», - ասել է նա։

Լևոն Արոնյանը, հավաքելով 14 միավորից 8,5 միավոր, դարձել է «Ասրյան հուշամրցաշար» արագ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։-0-