Հայաստանի դատարաններում գտնվում է Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների հետ կապված 44 քրեական գործ
Հունիսի 11-ի տվյալներով, Հայաստանի դատարաններում գտնվում է Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների հետ կապված 44 քրեական գործ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հայկական ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով, Գլխավոր դատախազության տվյալներով, տուժել է 265 մարդ, տասը մարդ զոհվել է։ Ավելի քան 100-ը կալանավորվել են։
Ենգոյանի խոսքերով, 17-ական քրեական գործ գտնվում է Երևանի քրեական դատարանի վարույթում և Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, 2 քրեական գործ գտնվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, մեկական գործ քննում են Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ համայնքների ընդհանուր իրավասության դատարանները, ևս չորս գործ գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում։-0-

