Առանց բանակցություններին Ղարաբաղի մասնակցության կայուն խաղաղության հասնելը հարցականի տակ է մնում. կուսակցության առաջնորդ

11.06.2008, 13:44
Առանց բանակցություններին Ղարաբաղի մասնակցության կայուն խաղաղության հասնելը հարցականի տակ է մնում. կուսակցության առաջնորդ
Առանց բանակցություններին Ղարաբաղի մասնակցության կայուն խաղաղության հասնելը հարցականի տակ է մնում. կուսակցության առաջնորդ

Հայաստանի Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ առանց բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության կայուն խաղաղության հասնելը հարցականի տակ է մնում։

«Քանի դեռ հակամարտության կողմը բանակցությունների մասնակից չէ, չի մասնակցում որոշումների կայացմանը, կայուն և համապարփակ խաղաղության հասնելու հնարավորությունը հարցականի տակ է մնում»,- Երևան-Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ժամանակ ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը համառորեն հրաժարվում է բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցությունից, քանի որ նրանք դա ընդունում են որպես Ղարաբաղի ճանաչում։

Ընդ որում նա ավելացրեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել Խորհրդային Սահմանադրությանը և նորմերին միանգամայն համապատասխան, մասնավորապես, ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին օրենքի համաձայն։

«Ադրբեջանն օգտագործել է իր այդ իրավունքը։ Ճիշտ նույն կերպ օգտագործել է նաև ԼՂՀ ժողովուրդը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, միջազգային իրավունքի նորմերի և այն շրջանում գործող խորհրդային պետության նորմերին համապատասխան, Ադրբեջանի տարածքում ձևավորվեց երկու միանգամայն հավասար սուբյեկտ՝ ԼՂՀ-ն և Ադրբեջանի Հանրապետությունը»,- ասաց Քոչարյանը։

Նա ափսոսանքով նշեց, որ այդ գործընթացը խաղաղ ճանապարհով չընթացավ։ «Ցավոք, այդ ժամանակ Ադրբեջանը ոչ միայն զենք էր ճոճում, այլև իսկապես փորձում էր ճնշել ինքնորոշման իրավունքը և խնդիրները լուծել ուժային մեթոդներով»,- ասաց կուսակցութան ղեկավարը։

Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ «լավ թե վատ՝ խաղաղությունը պահպանվում է»։ «Իհարկե «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը ոչ-ոքի ձեռնտու չէ, բայց, ամեն դեպքում, խաղաղությունը պահպանվում է, ընդ որում դա յուրօրինակ իրավիճակ է, երբ խաղաղությունը պահպանվում է առանց արտաքին խաղաղապահ ուժերի։ Պատճառն այն է, որ հրադադարի պայմանագրի տակ ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը կա»,- ընդգծեց Քոչարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

 Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-