Հայաստանի չափահաս բնակչության 30 տոկոսը մոլի ծխողներ են

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի չափահաս բնակչության 30 տոկոսը մոլի ծխողներ են, այդ թվում՝ 55 տոկոսը տղամարդիկ, հայտնեց ՀՀ առողջապահության հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Ղազանչյանը։
«Թեև չափահաս բնակչության 30 տոկոսը մոլի ծխսողներ են, սակայն պետք է նշել, որ վերջին երեք տարիների ընթացքում մենք որոշակի արդյունքների ենք հասել՝ նրանց թիվը կրճատվել է 4 տոկոսով»,- ասաց նա ուրբաթ՝ Առանց ծխախոտի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը։
Ղազանչյանը նշեց, որ այս տարի ծխելու դեմ պայքարն իրականացվում է «Երիտասարդությունը՝ առանց ծխախոտի» խորագրով և, հիմնականում, ուղղված է ծխախոտի արտադրանքի գովազդի նվազեցմանը։
«Բնակչության ամենախոցելի խավը երեխաները և դեռահասներն են, այդ պատճառով էլ գովազդի արգելքը և մշտական հակածխախոտային քարոզը կօգնեն նրանց ետ պահել ծխախոտից»,- ավելացրեց նա։
Միջոցառման շրջանակներում խաղարկություն է անցկացվել այն մարդկանց շրջանում, որոնք 2004թ-ից թողել են ծխելը և մինչ օրս չեն ծխում։ Գլխավոր մրցանակը DVD-խաղարկիչն էր, որին արժանացավ 46-ամյա Խաչատուր Վարդանյանը։
Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը (ՀԱԿ) 1988թ.-ին մայիսի 31-ը հայտարարել է Առանց ծխախոտի համաշխարհային օր (World No-Tobacco Day)։ Հայաստանն արդեն իններորդ տարին է ողջ աշխարհի հետ նշում այս օրը։
ՀԱԿ-ն պնդում է, որ ծխելը «վարակիչ» հիվանդություն է, որը փոխանցվում է գովազդի և հովանավորչության ճանապարհով։ Ծխախոտ արտադրող ընկերությունները տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսում ողջ աշխարհում սպորտային մրցումները հովանավորելու համար։ Այդ մրցումների ժամանակ ծխախոտի գովազդը և վաճառքը նպաստում է երիտասարդությանը ծխելու մեջ ներգրավելուն։
ՀԱԿ-ի տվյալներով, հայտնի են ավելի քան 25 հիվանդություններ, որոնք զարգանում են ծխելու ազդեցության տակ կամ էլ նրանց ընթացքը վատանում է՝ կրկին ծխելու ազդեցությունից (սրտամկանային, թոքերի և ուռուցքաբանական հիվանդություններ)։--0—