ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությունը հատատելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությունը հատատելու մասին, տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, Ազգային անվտանգության խորհուրն իրականացնում է ՀՀ ազգային անվտանգության և ազգային շահերի պաշտպանությանն առչվող ներքին, արտաքին, քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական, պարենային, էներգետիկ, բնապահպանական, տեղեկատվական, ժողովրդագրական, գիտատեխնիկական և այլ բնագավառներում առկա հիմնախնդիրների վերհանումը, ազգային անվտանգության ռազմավարական ծրագրով նախատեսված հայեցակարգերի և պետական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպումը, համակարգումը, վերահսկողությունը և դրանց իրականացման համար համապատասխան որոշումների ընդունումը:
Կանոնադրության համաձայն, Ազգային անվտանգության խորհուրդը համակարգում է պետական մարմինների գործունեությունը և գնահատում է դրանց արդյունավետությունը ազգային անվտանգության ապահովման ոլորտում ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ, սահմանում է պետության ռազմավարական զարգացման, ազգային անվտանգության և ազգային մրցունակության բարձրացման հիմնական ուղղությունները, որոշումներ է ընդունում դրանց իրականացման ուղղությամբ:
Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան իրականացնում է զինված ուժերի, իրավապահ մարմինների, հարկային և մաքսային համակարգի ռազմավարական բարեփոխումները և գնահատում է դրանց արդյունավետությունը:
Խորհրդի աշխատանքներն ի պաշտոնե գլխավորում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Խորհրդի նախագահը հաստատում է խորհրդի գործունեության ամենամյա ծրագիրը, վավերացնում է խորհրդի որոշումները: Հրամանագրով սահմանված են նաև խորհրդի քարտուղարի լիազորությունները:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ապահովում է ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված խնդիրների և ազգային անվտանգության խորհրդի որոշումների իրականացումը, այդ առնչությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպումը, համակարգումը և դրանց իրականացման նկատմամբ հսկողության իրականացումը:
Խորհրդի աշխատանքային մարմիններից են խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովները, որոնք կազմակերպում են պետական իշխանության մարմինների աշխատանքը ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված խնդիրների իրականացման գործում:
Խորհրդի գործունեության կազմակերպման նպատակով երկրի ղեկավարը հիմնադրել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, որի աշխատանքները կառավարում է խորհրդի քարտուղարը: -0-