ՀՀ ռազմական ոստիկանության գործունեության մեջ հարկավոր է պահպանել անաչառության սկզբունքը. պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ռազմական ոստիկանության գործունեության մեջ հարկավոր է պահպանել անաչառության սկզբունքը։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ երկուշաբթի ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչություն կատարած ճանաչողական այցի ընթացքում։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, անդրադառնալով ստորաբաժանման հետագա գործունեությանը` նախարարը հանձնարարականներ տվեց` ուղղված զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, զինծառայող-քաղաքացի փոխհարաբերությանը, ինչպես նաև զինվորական համազգեստը կրելու կանոնների խիստ պահպանմանը զինված ուժերում:
Իր հերթին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նախարարին զեկուցեց զորքերում գրանցված դեպքերի և պատահարների վերաբերյալ, ինչպես նաև մեկ առ մեկ ներկայացրեց իր ենթականերին:--0—