Հայաստանի իշխանությունները պետք է երկխոսություն հաստատեն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի հետ. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունները պետք է երկխոսություն սկսեն փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած մարդկանց հետ, կարծում է իշխող Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Եթե քաղաքական ուժերն իրենք երկխոսության չեն գնում, ապա պետք է կապ հաստատել նրանց ընտրազանգվածի հետ՝ նրանց խնդիրները հասկանալու և լուծելու համար։ Եթե դա հաջողվի անել, ապա այդ քաղաքական առաջնորդներն այլևս պահանջված չեն լինի», - ասաց Աշոտյանը ուրբաթ լրագրողներին։
Նրա խոսքերով, նման երկխոսությունը պետք է արտահայտվի ոչ միայն խոսքերով, այլև իշխանությունների կողմից կոնկրետ գործողություններով, մասնավորապես, սոցիալական ոլորտի բարեփոխման միջոցով։
«Եկել է ժամանակը վերադարձնելու մարդկանց վստահությունը իշխանությունների նկատմամբ։ Պետք է արմատախիլ անել Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի սոցիալական բազան, փոխել նրանց տրամադրվածությունները, որպեսզի Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի խոսքերը մարդկանց համար կարծիք ձևավորող առաջատար չլինեն։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու են այդ 350 հազ. մարդիկ անցել այդ ճամբար, համակարգային լուծում գտնել նրանց խնդիրներին։ Այդ ձևաչափում Տեր-Պետրոսյանը պետք չի լինի», - ասաց Աշոտյանը։
2008 թ.-ին նախագահական ընտրություններում ընտրողների ձայների 52,82 տոկոսով հաղթել է գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 21,5 տոկոսը։
ՀՀ նորընտիր նախագահը բազմաթիվ անգամ երկխոսության կոչ է արել երկրի քաղաքական ուժերին, ինչին արձագանքել են մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, բացի Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից։-0-