Ռոստովի օդանավակայանում ձերբակալվել են մշակութային արժեքներ տեղափոխող Հայաստանի քաղաքացիներ

19.03.2008, 15:49
Ռոստովի օդանավակայանում ձերբակալվել են մշակութային արժեքներ տեղափոխող Հայաստանի քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռոստովի մաքսավորները երեքշաբթի Երևան-Ռոստով չվերթի ուղևորների մաքսային ձևակերպման ժամանակ ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացիների, որոնց մոտ, ենթադրվում է, չարտոնագրված մշակութային արժեքներ են եղել, հայտնում է Ռոստովի մաքսատան մամուլի ծառայությունը։

«42-ամյա կնոջ պայուսակում հայտաբերվել է 1913 թվականի 1 ռուբլի, ենթադրվում է՝ արծաթից։ Կատարված փորձաքննության արդյունքներով, դրամը ճանաչվել է մշակութային արժեք, և, հետևաբար, այն տեղափոխելու համար պարտադիր գրավոր արտոնագիր է պահանջվում»,-ասվում է փաստաթղթում, տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։

Մամուլի ծառայության տվյալներով, քննվում է ՌԴ ՔՕ 188 հոդվածով գործ հարուցելու հարցը (մաքսանենգություն)։

«Այս չվերթի մյուս ուղևորն իր ուղեբեռում տեղափոխում էր ինը կտոր սպասք (չորս սափոր, երեք գավաթ, երկու բաժակ), ենթադրվում է՝ արծաթից, 1,5 կիլոգրամ ընդհանուր քաշով, ինչպես նաև 112 գրամ կշռող վզնոց և 9 գրամ կշռող խաչ, ենթադրվում է՝ ոսկուց»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով, իրավախախտի հանդեպ վարչական իրավախախտման գործ է հարուցվել՝ ՌԴ ՎԻ 16.1 հոդվածի 2-րդ մասով (ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների անօրինական տեղափոխում ՌԴ սահմանով)։ «Առգրավված իրերն ուղարկվել են փորձաքննության»,-հստակեցնում է մամուլի ծառայությունը։-0-