ՀՀ ԱԳՆ ղեկավարը և Եվրահանձնակատարը անհրաժեշտ են համարում Երևանում իրավիճակի շուտափույթ կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի չորեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի մայրաքաղաքում իրադրության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության հարցը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որում հաղթել է գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։
Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների և ցուցարարների միջև բախման։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ից հրամանագիր է ստորագրել մայրաքաղաքում 20 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Վարդան Օսկանյանի և Համմարբերգի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններն ու հետընտրական զարգացումները:
Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց մարտի 1-ի և այդ օրվան հաջորդած իրադարձությունները, Երևանում արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ մոտ օրերս կվերացվեն ԶԼՄ-երի վերաբերյալ սահմանափակումները:
Համմարբերգը նշեց, որ ինքը հանդիպումներ է ունենալու իշխանության բոլոր թևերի ներկայացուցիչների, նաև ընդդիմության ղեկավարների հետ, ինչը հնարավորություն կընձեռի իրատեսական պատկերացում կազմել երկրում ընթացող գործընթացների մասին:-0-