ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին դատախազության համակարգից հեռացնելու մասին
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին դատախազության համակարգից հեռացնելու մասին։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, «Դատախազության մասին» ՀՀ օրենքն արգելում է դատախազներին քաղաքականությամբ զբաղվել։
Մասնավորապես, ինչպես հետևում է օրենքից, «Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuևորել քաղաքական զuպվածություն և չեզոքություն»:
«Ջհանգիրյանը կոպիտ խախտել է օրենքի պահանջը, և ՀՀ գլխավոր դատախազը նախագահին միջնորդություն է ներկայացրել՝ նրան աշխաատնքից ազատելու և դատախազական համակարգից հեռացնելու մասին»,- ասվում է հաղորդագրությունում։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն այսօր հանրահավաքին հայտարարել է, որ սատարում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Դիմելով ներկաներին՝ նա խնդրել է պաշտպանել իրենց ձայները, «քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը միայնակ ոչինչ չի անի»։
Նախօրեին Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության երկու փոխնախարարներ՝ գեներալ-լեյտնենատներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը միացել են ընդդիմությունը։
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և նրա տեղակալները ելույթ ունեցան հայտարարությամբ, որով ընդդիմադիր քաղաքական գործիչներից և հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանից պահանջեցին չօգտագործել իրենց անունները և չտարածել սադրիչ հայտարարություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որոնց մասնակցեց ինը թեկնածու։
Հայաստանի ԿԸՀ առաջին վերջնական տվյալներով, ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 863 հազար 544 մարդ (52,86%), իսկ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 մարդ (21,5%)։
Ընտրություններում հաղթելու կապակցությամբ Սարգսյանին արդեն շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ընդհանուր քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան։--0—