Հայաստանում տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի մեջ» փաստաթղթերի ժողովածուի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում փետրվարի 13-ին տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի մեջ» փաստաթղթերի ժողովածուի շնորհանդեսը։
Ինչպես երեքշաբթի հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) երևանյան գրասենյակից, ժողովածուն հրատարակել է Ռուսաստանի հայերի միությանը կից Միջազգային իրավունքի և քաղաքականության հայկական ինստիտուտը, պրոֆեսսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Յուրի Բարսեղովի խմբագրմամբ։
Հրատարակման է պատրաստվում նման փաստաթղթերի ժողովածուի երկրորդ հատորը, ինչպես նաև ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ներկայիս փուլին վերաբերող փաստաթղթեր։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-