Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ները դեկտեմբերին առավել մեծ ուշադրության արժանացրել են նախագահի երեք թեկնածուի

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ները դեկտեմբերին առավել մեծ ուշադրության արժանացրել են նախագահի երեք թեկնածուի՝ ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Երևանի մամուլի ակումբից, այս տվյալները ստացվել են հայկական հեռարձակող ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում, որն անցկացվել է 2007թ. դեկտեմբերի 6-ից 20-ը։
Մոնիտորինգի տվյալներով, Սարգսյանին հատկացված եթերային ժամանակահատվածը կազմել է 42.731 վայրկյան (մոտ 11,8 ժամ), Տիգրան Կարապետյանինը՝ 39.091 վայրկյան (մոտ 10,8 ժամ), իսկ Տեր-Պետրոսյանինը՝ 14.497 վայրկյան (ավելի քան 4 ժամ)։ Միաժամանակ, ըստ մոնիտորինգի տվյալների, Սերժ Սարգսյանին հատկացված ընդհանուր եթերաժամանակի 77,7 տոկոսը լուսաբանել է նրա, որպես պաշտոնական անձի գործունեությունը, որը կատարում է իր պաշտոնական պարտականությունները։
Երրորդ տեղում, Կարապետյան և Տեր-Պետրոսյան թեկնածուների միջև, Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն է՝ 19.683 վայրկյան (մոտ 5,5 ժամ), որի գործունեությունը մեծ մասամբ լուսաբանվել է որպես պետության ղեկավարի աշխատանք։
Ուսումնասիրված հեռարձակող ԶԼՄ-ները դեկտեմբերին իրենց ուշադրությունից դուրս չեն թողել նաև ՀՀ նախագահի մյուս վեց թեկնածուներին։ Վերոհիշյալ չորս քաղաքական գործիչներից անմիջապես հետո ընդհանուր եթերային ժամանակամիջոցի ցուցանիշով հետևում են նախագահի հինգ թեկնածուները՝ Արտաշես Գեղամյանը («Ազգային միաբանություն»), Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ), Արթուր Բաղդասարյանը («Օրինաց երկիր»), Վազգեն Մանուկյանը (Ազգային-ժողովրդավարական միություն) և Արամ Հարությունյանը («Ազգային համաձայնություն»)։
Իններորդ թեկնածու Արման Մելիքյանը, որն առաջադրվել է սեփական նախաձեռնությամբ, արժանացել է ամենաքիչ լուսաբանման։
Հարկ է նշել, որ դեկտեմբերին Սերժ Սարգսյանի հիշատակումներում, ինչպես և մոնիտորինգի նախորդ ամիսներին, առաջնային տեղում էին չեզոք հիշատակությունները (403 հիշատակում), այնուամենայնիվ, 17 քաղաքական գործիչների դրական նյութերի ցանկում վարչապետը զբաղեցրել է առաջին տեղը (79 դրական՝ 12 բացասականի առկայությամբ)։
Դեկտեմբերին, նախկին պես, հայկական եթերում գերակշռում էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ բացասական երանգավորված նյութերը. Լևոն Տեր-Պետրոսյանի մասին 103 բացասական հիշատակում՝ 100 չեզոք և 4 դրականի պայմաններում։ Ընդ որում հիշատակումների ընդհանուր թվում բացասականների տոկոսը դեկտեմբերին նվազել է 49,8 տոկոսով՝ ընդդեմ նոյեմբերի 58,7 տոկոսի։ Ընդհանուր առմամբ, նախագահի մյուս թեկնածուների լուսաբանումն ուներ չեզոք բնույթ թե հեռուստա, թե ռադիոնյութերում, առաջին հերթին, ներկայացվում էին նրանց դիրքորոշումները, ինչպես թեկնածուների, այնպես էլ կուսակցությունների ղեկավարների կարծիքները։
«ԱԼՄ»-ն, ինչպես և նախորդ ամիսներին, կրկին «ամենաքաղաքականացվածն էր»՝ ընդհանուր եթերաժամանակի 70,1 տոկոսը նվիրված էր քաղաքականությանը։ «ԱԼՄ»-ի համեմատությամբ, ուսումնասիրվող քաղաքական գործիչներն ավելի քան երկու անգամ պակաս խմբագրական լուսաբանում են ստացել Հայկական երկրորդ հեռուստատեսությամբ, որին հետևում է Հայաստանի հանրային ռադիոն, «Կենտրոն», «Երկիր մեդիա) հեռուստաընկերությունները և Հայաստանի հանրային հեռոստատեսության առաջին ալիքը։ Ութ ալիքներից ուսումնասիրվող քաղաքական գործիչներին ամենաքիչ ուշադրության են արժանացրել «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները։
Երևանի մամուլի ակումբի մոնիտորինգի համաձայն, ի տարբերություն հոկտեմբեր-նոյեմբերի, մոնիտորինգի խմբի կողմից ուսումնասիրվող ալիքների դեկտեմբերյան եթերում չեն գրանցվել նյութեր, որոնք եթեր են հեռարձակվել որպես խմբագրական, բայց ունեցել են գովազի որոշակի հատկանիշներ։
Մոնիտորինգն անցկացվել է 2007թ. հոկտեմբեր-դեկտեմբերին «ԹԻՄ» հետազոտական կենտրոնի կողմից՝ Հայաստանի աջակցության հիմնադրամի բաց հասարակության ինստիտուտի և Երևանի մամուլի ակումբի փարձագիտական և ռեսուրսային աջակցությամբ։
Դեկտեմբերին ուսումնասիրության առարկա են դարձել նախագահի բոլոր ինը թեկնածուները, բացի այդ, ինչպես և մոնիտորինգի նախորդ ամիսներին, ուսումնասիրության առարկաներ են դարձել նաև այն կուսակցությունների առաջնորդները, որոնք 2007թ. խորհրդարանական ընտրություններին հավաքել են ավելի քան 1 տոկոս (բացառությամբ նրանց, որոնց օրենքը թույլ չի տալիս առաջադրվել)։ Բացի այդ, ուսումնասիրվող քաղաքական գործիչների դեկտեմբերյան ցուցակում ընդգրկվել է նաև ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի հնարավոր լինի սահմանել, թե աառջադված մյուս թեկնածուների համեմատ հեռարձակվող ԶԼՄ-ները ինչպիսի ուշադրության են արժանացնում գործող նախագահին։
Այսպիսով, դեկտեմբերի 6-ից 20-ը մոնիտորինգի առարկա են դարձել 17 քաղաքական գործիչներ։ Միաժամանակ, ուսումնասիրության մեթոդները բոլոր երեք ամիսների ընթացքում նույնն են եղել։
Մոնիտորինգն ընդգրկում է 8 հեռարձակվող ԶԼՄ-ների պայմանական պրայմ-թայմի (18.00 – 24.00) հաղորդումները։ Նրանց թվում են 4 պայմանականորեն համազգային հեռուստաալիքները՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքը, «ԱԼՄ»-ն, «Արմենիան», Հայաստանի երկրորդ հեռուստաալիքը, 3 մայրաքաղաաքյին հեռուստաընկերությունները՝ «Երկիր-մեդիան», «Կենտրոնը», «Շանթը», 1 համազգային ռադիոընկերություն՝ Հայաստանի հանրային ռադիոն։
Ընդ որում, այն հաղորդումները, որոնք սկսվել են, բայց չեն ավարտվել մինչև ժամը 18.00, չեն ուսումնասիրվել։ Այն հաղորդումները, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել մինչև ժամը 24.00, ուսումնասիրվել են ամբողջությամբ՝ ընդհուպ մինչև ավարտվելը։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0—