Տրանսպորտային խնդիրների լուծումը Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի կառավարությունը տրանսպորտային խնդիրների լուծումը դիտարկում է որպես իր տնտեսական քաղաքական առաջնահերթություն, հայտարարել է վարչապետ Սերժ Սարգսյանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հետ հանդիպման ժամանակ։
«ՀՀ կառավարությունը մեր երկրի տրանսպորտային հիմնախնդիրների լուծումը դիտում է որպես իր տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, ընդ որում` ոչ միայն միջազգային փոխադրումների, այլ նաև ներհանրապետական հաղորդակցության զարգացման ոլորտում»,-չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հղում կատարելով Սարգսյանի խոսքերին։
Այս գործընթացում, նրա խոսքերով, կարևոր դեր է կատարում երկաթուղին։
Վարչապետը նշել է, որ հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի գործունեության արդյունավետությունը հետագայում ևս բարձրացնելու նպատակով, որոշվել է «Հայկական երկաթուղիները» կոնցեսսիոն կառավարման հանձնել։
Նշելով Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն կառավարման փոխանցելու և մրցութային առաջարկով նախատեսված ծրագրերի ու ներդրումների իրականացման կարևորությունը, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դա հնարավորություն կտա բարձրացնելու Հայկական երկաթուղով իրականացվող փոխադրումների արդյունավետությունն ու անվտանգությունը, մեծացնելու դրանց ծավալները, ապահովելու երկաթուղային տրանսպորտին ներկայացվող հիմնական միջազգային պահանջները, նորացնելու շարժակազմը, ստեղծելու նոր աշխատատեղեր, ինչպես նաև բարձրացնելու ոլորտում աշխատողների որակավորումը, բարելավելու նրանց աշխատանքային պայմանները:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը չի միջամտի կոնցեսիոների աշխատանքին ու պատրաստ է վերջինիս ցանկության դեպքում և իր իրավասությունների սահմաններում, աջակցել խնդիրների լուծմանը` ի նպաստ երկաթուղու զարգացման:
Վլադիմիր Յակունինը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության ղեկավարին և նշել, որ իր ղեկավարած ընկերությունը քաջ գիտակցում է վերցրած պատասխանատվության աստիճանը և ունենալով մեծ փորձ ու հնարավորությություններ` վստահ է նախատեսված պարտավորությունների պատշաճ իրականացման հարցում:
Չորեքշաբթի ՌԵ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ 2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկում ՌԵ-ն հայտարարել է «Հայկական երկաթուղիներ» $570 մլն. ներդնելու պատրաստակամության մասին, որից $230 մլն.-ը մոտակա հինգ տարիների ընթացքում։ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցման բացվելուց հետո ներդրումները կաճեն մինչև $610 մլն., Ադրբեջանի հետ՝ մինչև $1,8 մլրդ., երկաթուղու աբխազական հատվածի բացվելու դեպքում՝ մինչև $2,2 մլրդ.։
Կոնցեսիոն մուծումների մասին առաջարկությունների փաթեթի համաձայն, որը հրապարակվել է 2008թ. հունվարի 8-ին, ՌԵ-ն որպես միանվագ կոնցեսիոն մուծում Հայաստանի բյուջե է փոխանցում 1,7 մլրդ. դրամ։ Բացի այդ, ՌԵ-ն ամեն տարի Հայաստանի պետբյուջե է փոխանցելու Հայկական երկաթուղու ընդհանուր շահույթի 2%-ը։
Հայաստանի երկաթուղիների 1125կմ.-ից 805 կմ.-ը ՀԵ-ի ենթակայության մեջ է գտնվում։ Ընկերությունը 2001թ.-ից կայուն եկամուտ է բերում։ 2007թ. ՀԵ-ն տեղափոխել է 3 մլն. տոննա բեռ, 2006թ. 2,7 մլն.-ի դիմաց։
ՀԵ-ի եկամուտը 2007թ. կազմել է 12 մլրդ. դրամ, 2006թ. 11 մլնրդ.-ի դիմաց ($1 - 308,47 դրամ)։--0—