2008 թ.-ին Ծաղկաձորում կգործի ճոպանուղու հինգերորդ հատվածը

2008 թ.-ին Ծաղկաձորում շահագործման կհանձնվի ճոպանուղու հինգերորդ հատվածը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը։
«Տուրիստական սեզոնի բացման հետ տեղի կունենա նաև ճոպանուղու հինգերորդ հատվածի պաշտոնական գործարկումը, որը կսպասարկի պրոֆեսիոնալ լեռնադահուկորդներին», - ասաց նա։
Նրա խոսքերով, սահնակային մարզաձևի սիրահարների և դահուկորդների համար կտեղադրվի նաև ճոպանուղու քարշակ, որը կհասնի մինչև Կեչառիս հայտնի եկեղեցական համալիր։
«Նման ճոպանուղային և դահուկային ուղիների ցանց հետխորհրդային տարածքում չի հանդիպում։ Նման մակարդակի ճոպանուղիներ գործում են Արևմտյան Եվրոպայի երկրներում, որոնց հետ մենք համագործակցում ենք, օրինակ՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում», - ասաց Միրզոյանը։
Նրա խոսքերով, Հայաստանում լեռնադահուկային մարզաձևը գտնվում է բարձր մակարդակի վրա և հետագա զարգացման մեծ հեռանկարներ ունի։
Ծաղկաձորը ժամանակակից լեռնադահուկային հանգստավայր է, որը տեղակայված է գեղատեսիլ հովտում՝ ծովի մակարդակից 1845 մ բարձրության վրա, Երևանից 50 կմ հյուսիս-արևելք։
Տարբեր թեքության սարալանջերը հնարավորություն են տալիս զբաղվել սպորտով ինչպես պրոֆեսիոնալներին, այնպես էլ սպորտի սիրահարներին։
Ձմեռը Ծաղկաձորում մեղմ է, արևոտ օրերի թիվը հասնում է տարեկան 270-ի։ Միաժամանակ բավականին հաճախ ձյուն է տեղում, ձնածածկն ամուր է, հասնում է 1.40 մ հաստության։
Դահուկային սեզոնը տևում է նոյեմբերի կեսից մինչև ապրիլի կեսը։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -3 C0-է։ Օդի բացասական իոնացումը ձմռանը երաշխավորում է երկարակեցություն և դիմացկունություն՝ մրսածությունից առաջացած հիվանդությունների նկատմամբ։-0-