Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկու կողմերին էլ շահավետ է. Հայաստանի վարչապետ

20.12.2007, 12:15
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկու կողմերին էլ շահավետ է. Հայաստանի վարչապետ

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկու կողմին էլ շահավետ է։

 «Ես մշտապես համոզված եմ եղել, որ Թուրքիայի հետ պարտավոր ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, որից կշահենք և մենք, և Թուրքիան», - ասել է Սարգսյանը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ  ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորության մասին՝ վարչապետը նշել է, որ, եթե Թուրքիան լինի մի միության կազմում, որի խաղի կանոնները ընդհանուր են բոլորի համար, ավելի կհեշտանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

 

Սեմնեբին իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի վարչապետ դիրքորոշումը։ «Ինչ Դուք ասացիք, շատ կարևոր է։ Անկախ նրանից, թե ինչպիսի բանակցություններ է ԵՄ-ն վարում Թուրքիայի հետ, կարծում եմ սա շատ լավ ազդակ է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, ու լավ է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան հանդես է գալիս այսպիսի հստակ դիրքորոշմամբ», - ասել է ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը։

Հայ-թուրքական հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներին մասնակցելու համար Երևան ժամանած Սեմնեբին ընդգծել է նման միջոցառումների անցկացման կարևորությւոնը։ Նրա խոսքերով, ԵՄ-ն, որպես Հայաստանի և Թուրքիայի համար գործընկերային կառույց, պատրաստ է խրախուսել և խթանել նման քննարկումները։-0-