«Ինտերփրինթ. Պոլիգրաֆիա։ Գովազդ։ Դիզայն։ EXPO փաթեթ» երրորդ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա Երևանում 2008թ. փետրվարին

14.12.2007, 17:32
«Ինտերփրինթ. Պոլիգրաֆիա։ Գովազդ։ Դիզայն։ EXPO փաթեթ» երրորդ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա Երևանում 2008թ. փետրվարին

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ինտերփրինթ. Պոլիգրաֆիա։ Գովազդ։ Դիզայն։ EXPO փաթեթ» երրորդ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա Երևանում 2008թ. փետրվարին։

Այս մասին ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց «LOGOS EXPO» ցուցահանդեսային ընկերության գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը՝ ներկայացնելով 2008թ. ծրագրերը։

«Մենք արդեն կազմել ենք հաջորդ տարվա նախագծերը։ 2008թ. մենք նախատեսում ենք անցկացնել 12 միջոցառում»,- ասաց նա։

Միաժամանակ Ստեփանյանը տեղեկացրեց, որ մյուս տարի «LOGOS EXPO» ընկերությունը ներկայացնելու է մի քանի նոր նախագծեր։

Այս համատեքստում տնօրենն ավելացրեց, որ 2008թ. նախատեսվում է ցուցահանդես կազմակերպել թեթև արդյունաբերության գծով։

«Այսօր այս ոլորտը ստվերում է գտնվում։ Կար ժամանակ, երբ Հայաստանը հռչակված էր իր թեթև արդյունաբերությամբ։ Մենք ցանկանում ենք վերականգնել ավանդույթները»,- նշեց Ստեփանյանը։

Բացի այդ, գործադիր տնօրենն ավելացրեց, որ ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեության շրջանակները։

«Մայիսին մենք ցանկանում ենք ցուցահանդես կազմակերպել, որին ներկայացվելու են հանգստի տարբեր տեսակները, այդ թվում՝ որսորդությունն և ձկնորսությունը»,- պարզաբանեց Ստեփանյանը։

LOGOS EXPO Center-ը Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպող առաջին ընկերությունն է, որը գործում է 1999 թ.-ից։ Այն համարվում է առաջատար՝ բազմոլորտ, արտադրական, ազգային և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Վերջին վեց տարիների ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպել է ավելի քան 60 միջազգային ցուցահանդես Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ տնտեսության տարբեր բնագավառներում։

Տարեկան LOGOS EXPO Center-ն անցկացնում է 10-12 մասնագիտական ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են տնտեսության դինամիկ զարգացումը։ Վերջին վեց տարիների ընթացքում ցուցահանդեսներին մասնակցել են շուրջ 1000 հայկական և արտասահմանյան կազմակերպություններ։ Ցուցահանդեսների այցելուների թիվը հասել է 40 հազարի։ Ցուցահանդեսային մակերեսը կազմել է 18 հազ. քառակուսի մետր։ --0--