Հայաստանը և ԱՄՆ-ն մտադիր են համագործակցել միջուկային նյութերի մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում

Հայաստանը և ԱՄՆ-ն մտադիր են համագործակցել Միջուկային նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի օժանդակության նախաձեռնության (Nuclear Smuggling Outreach Initiative - NSOI) շրջանակում:
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, նախօրեին տեղի են ունեցել նախնական քննարկումներ` Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև NSOI շրջանակում՝ միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի երկկողմ գործողությունների պլանի մշակման նպատակով։
ԱՄՆ պետքարտուղարության, էներգետիկայի դեպարտամենտի, ազգային անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրամիության ու ԱԷՄԳ-ի փորձագետների հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են 19 ներկայացուցիչներ 11 տարբեր գերատեսչություններից, մասնավորապես` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, Հայաստանի ատոմակայանից, Սահմանապահ զորքերից, Հայպետատոմհսկողությունից, Արդարադատության նախարարությունից, Արտգործնախարարությունից, Գլխավոր դատախազությունից, Պետական մաքսային կոմիտեից, Բնապահպանության նախարարությունից, Փրկարարական ծառայությունից ու Պաշտպանության նախարարությունից:
Ամերիկացի ու հայ պաշտոնյաները քննության են առել միջուկային ու բարձր ակտիվության ռադիոակտիվ նյութերի անօրինական փոխադրումների կանխարգելման, հայտնաբերման ու արձագանքման ասպարեզներում համագործակցության հնարավոր ուղիները:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու կողմերն էլ հաստատել են միջուկային նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում համակարգված գործունեության կարիքը:
ԱՄՆ-ն ու Հայաստանի Հանրապետությունը հուսով են, որ NSOI-ն առավել կխորացնի հայ-ամերիկյան համագործակցությունը միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Ամերիկյան պաշտոնյաները մտադիր են 2008թ. գարնանը վերադառնալ Հայաստան` շարունակելու քննարկումները NSOI շրջանակում:
NSOI-ի շրջանակում Միացյալ Նահանգներն արդեն միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի երկկողմ գործողությունների պլաններ է ստորագրել Ուկրաինայի, Վրաստանի, Ղրղզստանի ու Ղազախստանի հետ ու ստորագրման նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Տաջիկստանի հետ:-0-