«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը բանավեճի է հրավիրում ՀՀ նախագահի իշխանամետ և ընդդիմադիր թեկնածուներին

16.11.2007, 16:48
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը բանավեճի է հրավիրում ՀՀ նախագահի իշխանամետ և ընդդիմադիր թեկնածուներին

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը (ԱԻՄ) մտադիր է հարթակ ստեղծել՝ հանրապետության բոլոր իշխանամետ և ընդդիմադիր ուժերի միջև ժողովրդավարական գաղափարների փոխանակություն իրականացնելու համար։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

«Նախօրեին տեղի ունեցած ժողովրդավարական ուժերի հանդիպման  ժամանակ մենք որոշում ընդունեցինք հավաքել այն բոլոր քաղաքական գործիչներին, որոնք մտադիր են առաջադրվել որպես նախագահի թեկնածու, և դրանով ժողովրդավարական գաղափարների փոխանակության հարթակ ստեղծել»,- հայտարարեց նա։ ԱԻՄ  առաջնորդի խոսքերով, իշխանամետ և ընդդիմադիր գործիչների հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 20-ին։

Հայրիկյանը կարծում է, որ այս նախագահական ընտրությունները իսկապես կարևոր դեր կխաղան երկրի հետագա զարգացման գործընթացում, եթե միայն երկրի ղեկավարի թեկնածուներն իրենց առջև նպատակ դնեն՝ Հայաստանը դարձնել «ամենաժողովրդավարական երկիրը»։

«Մեզ պետք է թեկնածու, որը ոչ թե կարող է ընտրությունների ժամանակ հաղթել որևէ առանձին թեկնածուի կամ քաղաքական կուսակցության, այլ մարդ, որն ազգին կտանի դեպի հաղթանակ»,- հայտարարեց նա։

Հինգշաբթի ԱԻՄ-ի նախաձեռնած ժողովրդավարական ուժերի հանդիպմանը ներկա էին ևս չորս ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ՝ «Ժողովրդավարական ուղի»՝ Մանուկ Գասպարյան, «Ազգային միաբանություն»՝ Արտաշես Գեղամյան, Հայաստանի մարքսիստական կուսակցություն՝ Դավիթ Հակոբյան, Ազգային ժողովրդավարական կուսակցություն՝ Շավարշ Քոչարյան։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀԿ-ի, որի առաջնորդն է նա, նոյեմբերի 10-ի համագումարի ժամանակ։ Փորձագետների գնահատականով, Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը տասնամյա լռությունից հետո վերադարձել է քաղաքականություն։ Նրա անձի շուրջ արդեն ձևավորվել է ընդդիմադիր քաղաքական ուժերի դաշինք։ --0—