Սահակաշվիլուն չհաջողվեց ստեղծել ամուր և կայուն պետություն. հայ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն մինչ օրս չի հաջողվել ստեղծել ամուր և կայուն պետություն, ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։
«Մահակների, հեղափոխությունների և նոր մոդելների կիրառմամբ հնարավոր չէ կայուն պետություն ստեղծել»,- ասաց նա։
Այս կապակցությամբ Ադիբեկյանը նշեց, որ հայ քաղաքական գործիչներն արդեն վաղուց են հասկացել, որ հանրահավաքները ցրելու ճանապարհով բացի սեփական հեղինակության և ժողովրդի մոտ ձևավորված վարկանիշի կտրուկ անկումից, այլ բանի չես հասնի։
«Այն կետից, որտեղ հիմա գտնվում է Վրաստանը, Հայաստանը բավականին երկար ճանապարհ է անցել, և Սահակաշվիլին կարող էր շատ բան սովորել մեր երկրից»,- կարծում է նա։
Չորեքշաբթի Թբիլիսիում, բողոքի ցույցերի վեցերորդ օրը, տեղի ունեցավ ցուցարարների բախումը ոստիկանության հետ։ Քաղաք էին բերվել զորքեր, ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ, ջրաշիթեր և ռետինե փամփուշտներ։ Ընդդիմության կողմնակիցների հետ ոստիկանության և հատուկ ջոկատայինների բախումների հետևանքով 508 մարդ տեղափոխվել է հիվանադնոցներ։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 7-ին 15 օրով արտակարգ դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում, սահմանափակումներ էին մտցվել բոլոր ԶԼՄ-ների համար։ Ըստ օրենքի, արտակարգ դրության ընթացքում, Վրաստանի քաղաքացիների համար երկրի ողջ տարածքով մեկ սահմանափակումներ էին մտցվել ցույցերի և հանրահավաքների կազմակերպման առումով։ Արգելված էին նաև գործադուլները։
Նոյեմբերի 8-ի երեկոյան Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց, որ 2008թ. հունվարի 5-ին Վրաստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ --0—