«Արա Գեղեցիկ և Շամիրամ» նոր ներկայացման պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 6-ին Երևանում

26.10.2007, 18:44
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» նոր ներկայացման պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 6-ին Երևանում

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» նոր ներկայացման պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 6-ին Երևանում։ Ինչպես հայտնեց ներկայացման պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, Նաիրի Զարյանի հայտնի համանուն դրամայի հիման վրա ներկայացման բեմադրության աշխատանքները սկսվել են այս տարվա հուլիսին։

Նրա խոսքերով, ներկայացման գլխավոր դերերում են հայտնի երիտասարդ դերասաններ Խորեն Լևոնյանը (Արա Գեղեցիկ), Նազենի Հովհաննիսյանը (Շամիրամ) և Մարջիկ Ավետիսյանը (Նուարդ)։ «Դա սիրո, հայրենասիրության  և մարդկային արժեքների մասին գեղեցիկ պատմություն է»։

Նրա խոսքերով, ներկայացման երաժշտությունը գրել է երգիչ և երգահան Արման Էլբերտը, բեմադրիչ-ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է, բեմադրող-նկարիչը՝ Դավիթ Մինասյանը։

«Ստեղծագործական խմբից յուրաքանչյուրը իր լուման ներդրեց ներկայացման կայացման մեջ»,-ասաց Քեշիշյանը։

Ինչպես նշեց ներկայացման բեմադրիչ-ռեժիսոր Դավիթ Հարությունյանը, ներկայացման մեջ առաջարկվում են յուրահատուկ լուծումներ, որոնք նոր էջ են բացում Հայաստանի թատերական կյանքում։

«Բեմադրությունը երկու մասից է բաղկացած. դա հեղինակի ստեղծագործության նոր մեկնաբանությունն է, միաժամանակ պահպանվել է ողբերգության հիմքը»,-ասաց նա։ Հարությունյանի խոսքերով, դերասանների ընտրությունը աշխատատար գործընթաց էր, ինչի արդյունքում հաջողվել է ներգրավել տարբեր թատրոնների դերասանների։

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» ողբերգության հիմքում լեգենդն է ասորուհի թագուհի Շամիրամի սիրո մասին, որին մերժեց հայոց Արա Գեղեցիկ արքան։ Լեգենդի համաձայն, Արան, չցանկանալով դավաճանել հայրենիքը և սիրելի կնոջը, հրաժարվել է Շամիրամի սիրո առաջարկից և գահից։

Արդյունքում նա դարձել է Շամիրամի թշնամին, և վիրավորված թագուհին նրան պատերազմ է հայտարարել։ Շամիրամը հրամայել է իր զինվորներին՝ գերեվարել արքային և նրան կենդանի բերել իր մոտ, բայց պատերազմի ընթացքում Արա Գեղեցիկը սպանվում է։—0--