Երևանի կենտրոնում կստեղծվի հին Երևանի ոճով ճարտարապետական հուշարձանների համալիր
Երևանի կենտրոնում կստեղծվի հին Երևանի ոճով ճարտարապետական հուշարձանների համալիր, երկուշաբթի տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում տեղեկացրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը։
«Համալիրը գտնվելու է Գլխավոր պողոտայի տարածքում՝ Արամի և Եզնիկ Կողբացի փողոցների միջև ընկած տարածքում», - ասաց Ս. Դանիելյանը։ Նրա խոսքերով, համալիրի տարածքում կտեղադրվի 20-րդ դարի՝ պատմական արժեք ներկայացնող 19 շինություն։
«Համալիրի տարածք կտեփոխվեն այն շենքերը, որոնք քանդվել են՝ քաղաքի կառուցապատման ընթացքում», - ասաց Ս. Դանիելյանը։ Նա նշեց, որ համալիրի կառուցման նախագծային-հաշվարկային աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ շենքերի տեղափոխումը կսկսվի մոտ ապագայում։
«Հավաքելով շինությունները Գլխավոր պողոտայում՝ մեզ կհաջողվի ստեղծել մի տարածք, որտեղ կտիրի 20-րդ դարասկզբի Երևանի մթնոլորտը», - ասաց նա։
Երևանի Գլխավոր պողոտայի (Խանջյան փողոցից մինչև Սարյան փողոց) շինարարությունը սկսվել է 2005 թ. գարնանը։ Նրա երկարությունը գերազանցում է 1,5 կմ-ը։-0-