Հայաստան է ուղևորվել Վրաստանի ռուսական բազայի ռազմական տեխնիկայով շարասյունը

Վրաստանից դուրս բերվող՝ Բաթումիում գտնվող ռուսական բազայի ռազմական տեխնիկայով երկաթուղային շարասյունը հինգշաբթի ուղևորվել է Հայաստան, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության Ցամաքային զորքերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայության աշխատակիցը։
«Հինգշաբթի Երևանի ժամանակով ժամը 2։30-ին Բաթումիի կայարանից (Վրաստան) դեպի Գյումրի քաղաքում (Հայաստան) գտնվող 102-րդ ռուսական ռազմական բազա է մեկնել զինամթերքով և ունեցվածքով բեռնված երկաթուղային շարասյունը։ Տասնինը հարթակների և վագոնների վրա բեռնված է 34 ավտոմեքենա։ Դուրսբերվող բեռի ընդհանուր քաշն ավելի քան 200 տոննա է», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքերով, Երևանի ժամանակով ժամը 7։00-ին շարասյունն անցել է Զեստաֆոնի կայարանը։ Շարասյան ժամանումը Գյումրի սպասվում է այսօր կեսգիշերին։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ըստ Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա համաձայնության, Բաթումիում գտնող ռուսական 12-րդ ռազմական բազան կփակվի 2008թ. ընթացքում։
Ծրագրվում է մինչև այս տարեվերջ Վրաստանի տարածքից դեպի Ռուսաստան և Հայաստանում գտնվող 102-րդ ռուսական ռազմական բազա տեղափոխել ևս երեք երկաթուղային շարասյուն և մեկ ավտոշարասյուն։
12-րդ ռուսական բազայի ունեցվածքով հերթական երկաթուղային շարասյունը (թվով 17-րդը) ծրագրվում է ուղարկել օգոստոսի վերջին։
Ռուսաստանը կատարում է իր վրա վերցրած բոլոր պարտավորությունները՝ կապված Վրաստանի տարածքից ռազմական բազաների դուրսբերման հետ, ռուսական զինամթերքով և ունեցվածքով երկաթուղային շարասյունների դուրսբերումը կատարվում է հստակ ծրագրով, նշել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։-0-