Հայաստանում ամենատարածված անուններն են մնում Միլենան և Նարեկը

Հայաստանում ամենատարածված անուններն են մնում Միլենան և Նարեկը։
Ինչպես ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, 2007 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանում ծնողներն իրենց նորածիններին տվել են հենց այդ անունները։
Տվյալ ժամանակահատվածում Միլենա անունը «հանդիպում» է նորածինների 4, 58 տոկոսի, իսկ Նարեկ անունը՝ 4,34 տոկոսի մոտ։
Ընդ որում, վերջին մի քանի տարիների ընթացքում Միլենա միջազգային անունն ավելի մեծ տարածում է գտել, քան ավանդական հայկական Անի անունը («հանդիպման տոկոսը»՝ 3,77)։ Տարածված անունների տասնյակում են նաև Մարիամ (3,36 տոկոս), Էլեն (3,08 տոկոս), Աննա (2,65 տոկոս), Մերի (2,61 տոկոս), Լիլիթ (2,25 տոկոս), Մանե (1,91 տոկոս) և Գայանե (1,90 տոկոս) անունները։
Շարունակում են հաճախ հանդիպել ինչպես ավանդական հայկական անունները՝ Լուսինե, Գոհար, Անուշ, Արևիկ, Լիանա, Արմինե, Աստղիկ և Նարե, այնպես էլ մի քանի «էկզոտիկ» անուններ՝ Մոնիկա, Սյուզաննա, Վիկտորիա, Նելլի և Լիլիա։
Նարեկ անունը շարունակում է պահպանել բացարձակ առաջատարի իր դիրքը։
Տղաների անձնանունների հնգյակի մեջ շարունակում են մնալ Դավիթ (4,22 տոկոս), Էրիկ (2,95 տոկոս) և Գոռ (2,77 տոկոս) անունները, նրանց է միացել Հայկ (3,27 տոկոս) անունը։ 2007 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում 8039 տղա նորածիններից 205-ը ստացել է Արման անունը, 173-ը՝ Արմեն, 168-ը՝ Արթուր, 161-ը՝ Սամվել, 150-ը՝ Վահե անունները։
Հատկանշական է, որ 2007 թ. նորածին տղաների շրջանում բավականին հաճախ հանդիպում են բուն հայկական անուններ՝ Սարգիս, Հովհաննես, Գրիգոր, Վարդան, Անդրանիկ, Գագիկ, Հակոբ և Մհեր, թեև ժամանակակից Հայաստանում հաճախ փոքրիկներին անվանում են նաև Ալբերտ, Ռաֆայել, Ալեն, Միքայել, Ալեքս և Ժորա։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2007 թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ծնվել է 7056 աղջիկ և 8039 տղա։--0—